Սերգեյ Սամվելի Լալաբեկյան

Ծնվել է 27/04/1997թ.
Ծննդավայր` Սյունիքի մարզ
քաղաք Գորիս
Սերգեյ Լալաբեկյանը ծնվել է 1997 թվականի ապրիլի 27-ին Գորիսում: Սովորել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցում: Ուսման մեջ ուներ զգալի հաջողություններ, մեծ էր հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ, զբաղվում էր սպորտով:
Հայոց բանակում ծառայությունն ավարտելուց հետո աշխատել է Զինված ուժերի հատուկ նշանակության բրիգադի հատուկ նշանակության խմբում։ Ֆիզիկական, կրակային պատրաստության, մարտավարամասնագիտական պարապմունքներին ու բոլոր քննություններին Սերգեյն աչքի է ընկել գերազանց գնահատականներով, արժանացել պատվոգրերի ու մեդալների։
2019 թվականին խաղաղապահ առաքելություն է իրականացրել Սիրիայում, Ռուսաստանի պաշտպանության նախարարի, ռուսական խաղաղապահների կենտրոնի կողմից արժանացել «Սիրիայում խաղաղապահ առաքելության մասնակցի» մեդալների, նաև բարձր կարգապահության համար՝ պատվոգրի։ Սերժանտ Լալաբեկյանը Հայաստանի զինված ուժերի լավագույն դիպուկահարներից էր, բացառիկ զինվորական, համեստ անձնավորություն։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ոչ մի վայրկյան Սերգեյը չի լքել խրամատը, մինչև վերջ կատարյալ իրականացրել իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր։ Ցավոք, տաղանդավոր հետախույզի մարտական ուղին ավարտվեց հոկտեմբերի 19-ին: Հերթական հատուկ առաջադրանքը կատարելու ժամանակ նա զոհվել է Իշխանաձորի հատվածում։
Սերժանտ Լալաբեկյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության կողմից հետմահու արժանացել է «Հայրենիքի պաշտպանության գործում անձնուրաց նվիրվածության և անձնական կամք ու խիզախություն ցուցաբերելու համար» պատվոգրի, Հայաստանի նախագահը նրան պարգեւատրել է «Մարտական ծառայություն», Կապան համայնքի ղեկավարը՝ «Կապան» մեդալներով։
Զինծառայողի մասին