Սրքոյան Սարգիսը ծնվել է 2001թ. օգոստոսի 14-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում: 2007թ. հաճախել է Լիճքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց: Եղել է ամենահամեստ ու կազմակերպված աշակերտներից մեկը: Շատ ընկերասեր, կարգապահ, մարդկային ու դժվար պահերին օգնության հասնող տղա էր:
2020թ. հունվարի 13-ին զորակոչվել է Հայոց բանակ` ծառայության անցնելով Ջրականում` որպես վարորդ, այնտեղ նույնպես Սարգիսը փայլել է իր կազմակերպվածությամբ ու մասնագիտական արհեստավարժությամբ: Սեպտեմբերի 27-ից Սարգիսը անընդմեջ կապ է հաստատել ծնողների հետ` տեղեկացնելով, որ լավ է և ապահով:
Հոկտեմբերի 10-ից հետո Սարգիսի զանգերն ընդհատվել են, Սարգիսը հենց այդ օրն ընկել էր մարտի դաշտում` կյանքը զոհելով հանուն հայրենիքի:
Սարգիս Սրքոյանը նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով: