Էդգար Մաթևոսյանը ծնվել է 1984 թվականի հունիսի 7-ին: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և գերազանցությամբ ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ Էդգար Մաթևոսյանն այն բացառիկներից էր, ում անունը ոսկե տառերով է գրվել ինստիտուտի պատին։
Ինստիտուտն ավարտելուց հետո Էդգարն աշխատել է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքի զորամասերից մեկում որպես դասակի հրամանատար։Կարճ ժամանակ անց տեղափոխվել է Գորիս քաղաքի N զորամաս և նշանակվել վաշտի հրամանատար՝ ստանալով կապիտանի կոչում։
2016 թվականին երիտասարդ մայորը մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին։ Էդգարի շնորհիվ տասնյակ զինվորների կյանքեր են փրկվել, որի համար էլ նրան շնորհվել են «Մարտական խաչ» և «Արիության համար» շքանշանները։
Ծառայության մեծ մասը Էդգարն անցկացրել է Որոտան քաղաքում (Կուբաթլու), որտեղ 2017 թվականին նշանակվել է մարտական գծով տեղակալ՝ ստացել մայորի կոչում։ 2018 թվականից մինչև թշնամու սանձազերծած վերջին պատերազմը աշխատել է նույն զորամասում՝ որպես շտաբի պետ։
Ցավոք, հոկտեմբերի 2-ին Ջրականում (Ջաբրաիլ) մարտական առաջադրանքը կատարելիս զոհվեց Էդգարը կամ ինչպես ընկերներն են նրան կոչում`Մաթոսը։ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, հրամանատար մայոր Էդգար Մաթևոսյանի գլխավորությամբ, 25 գումարտակը մասնակցել էր Ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու գրաված «Լալայկա» կոչվող բարձունքի ազատագրմանը:
Առանց հայր մեծացած Էդգար Մաթևոսյանը մի նպատակ էր դրել իր առջեւ` իր երեխաների գլխից անպակաս լինել, կյանքի կոչել նրանց ծրագրերն ու երազանքները։ Մեզանից յուրաքանչյուրն, անշուշտ, պարտք ունի Էդգարին ու նրա զավակներին`շարունակել երիտասարդ մայորի կիսատ թողած գործը. hայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացումով լծվել ամենօրյա քրտնաջան աշխատանքի եւ Էդգարի զավակներին ժառանգել ուժեղ, կայացած եւ բարեկեցիկ Հայաստան։