Գագիկ Փարսադանյանը ծնվել է 1960 թվականի մայիսի 16-ին։
Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցը 1992 թվականին ընդգրկվում է Կապանի զինվորական կոմիսարիատին կից ստեղծված ինքնապաշտպանական գումարտակում։
Դասակի հրամանատարը մասնակցում է Կապանի սահմանամերձ գյուղերի՝ Սյունիք, Եղվարդ, Ագարակ, Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, պաշտպանության համար մղվող մարտերին։
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ընկերների հետ շրջափակման մեջ հայտնվելով՝ Գագիկը կարողանում է թշնամուն համոզել, որ ադրբեջանցի են, պարզում է նաեւ հայ գերիների տեղը։
1993 թվականից Գագիկը ծառայությունը շարունակել է Պաշտպանության նախարարության մոտոհրաձգային գումարտակում։ Մասնակցել է Արցախի Կովսականի, Հորադիզի, Սանասարավանի, Վարանդայի ազատագրման մարտական գործողություններին, որի ժամանակ երկու անգամ վիրավորվել է։ 1995 թվականին զորացրվել է պահեստազոր, 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ էր։
2016 թվականի ապրիլի 2-ին քառօրյա պատերազմի ժամանակ Երկրապահ կամավորականների ջոկատի կազմում «Հասանը» (ընկերները նրան այդպես էին անվանում) մեկնում է Արցախի Թալիշ գյուղ, որտեղ էլ զոհվում է թշնամու անօդաչուի հարվածից։Գագիկը միշտ ասում էր՝ եթե իմ կյանքով թեկուզ մի 18 տարեկանի կյանք կարողանամ փրկել, ուրեմն պայքարս իզուր չէ։
Գագիկ Փարսադանյանը հայրենիքին մատուցած սխրանքների համար արժանացել է «Մարտական ծառայություն», «Գարեգին Նժդեհ» մեդալների ու պատվոգրերի։
Հայաստանի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։