Արտեմ Պողոսյանը ծնվել է 1982 թվականի ապրիլի 12-ին Կապան քաղաքում: Սովորել է Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոցում: Ուշիմ, խելամիտ աշակերտ էր, ընկերասեր, նախաձեռնող և կազմակերպող: Ընկերական շրջապատի ոգին էր, սիրված էր դասընկերների կողմից:
2000-2002 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում: Բանակից վերադառնալուց հետո ինքնուս շինարարը աշխատում էր իր մասնագիտությամբ, որը նրան կարճ ժամանակում մեծ համբավ բերեց:
2020 թվականի հոկտեմբերի 6-ին Արտեմը զորակոչվում է բանակ եւ մեկնում ռազմաճակատի թեժ գիծ։ Մարտնչում էր պաշտպանական գծի հարավային՝ Ջրականի ուղղությամբ: 2020 թվականի հոկտեմբերի 13-ին Արտեմը զոհվում է թշնամու ականանետային հարվածից:
Զինակից ընկերները Արտեմին հիշում են որպես անվախ և անվեհեր մարտիկի, կարգապահ շինարարի: Նա ամուսնացած էր, ունի մեկ որդի՝ Հենրի անունով:
Հայաստանի նախագահի հրամանագրով Արտեմը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», Կապան համայնքի ղեկավարի որոշմամբ՝ «Կապան» մեդալներով։