Զորիկ Հարությունյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 8-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ Նախ սովորել է Չարենցավանի թիվ 2, ապա Կապանի թիվ 5 հիմնական դպրոցներում։ 2015 թվականից ուսումը շարունակել է Գեղիի միջնակարգ դպրոցում։
Դպրոցական բոլոր միջոցառումներին Զորիկը մասնակցել է մեծ սիրով և ակտիվությամբ։ Նրան սիրում թե՛ ուսուցիչները, թե՛ դասընկերները։ Զորիկը բնավորությամբ ինքնամփոփ, արդարամիտ, նպատակասլաց, հաստատակամ, հոգատար որդի, հուսալի ընկեր, լուսավոր ու պարկեշտ տղա էր։
2020 թվականին դպրոցն ավարտելուց հետո Զորիկը զորակոչվում է հայոց բանակ, ծառայում Մեխակավանում։ Երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, նրան տեղափոխեցին Հադրութի շրջան, որտեղ էլ մասնակցեց հայրենիքի համար մղվող թեժ մարտերին։ Զորիկն անմահացավ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին։
Արցախի նախագահի հրամանագրով Զորիկ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», Կապան համայնքի ղեկավարի որոշմամբ՝ «Կապան» մեդալներով: