Ժորա Արթուրի Եսայանը ծնվել է 1996 թ.-ի օգոստոսի 9-ին Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղում:
Երբ եղել է 1 տարեկան 2 ամսական տեղափոխվել են Արարատի մարզի Դարբնիկ գյուղ․
2003-2011 թթ.-ին հաճախել է գյուղի միջնակարգ դպրոց:
Դպրոցի լավագույն աշակերտներից մեկն էր։ 4-5 տարի հաճախել է գյուղի Կարատե դոի՝ քիք-բոքսինգի և թեքվանդոյի խմբակների, մասնակցել հանրապետական մի շարք մրցույթների և վերադարձել պատվոգրերով ու հուշամեդալներով։
2008 թ.-ի մայիսի 18-ին Մասիս քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցի Քիք-բոքսինգի առաջնություն նվիրված մայիսի 9-ի հաղթանակին 40-45 կգ քաշային կարգում զբաղեցրել է III տեղը:
2008 թ.-ի հունիսի 16-ին Կոնտակտ Կարատե դո և քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի գավաթի առաջնությանը՝ նվիրված Հրանտ Մելքոնյանի հիշատակին՝ 10-11 տարիքային տարեկան խմբում 35 կգ. քաշային կարգում զբաղեցրել է III տեղը:
2008 թ.-ի հուլիսի 20-ին Կոնտակտ Կարատե դո և քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի Արմավիրի մարզի բաց առաջնությունում 10-11 տարեկան տարիքային խմբում 45 կգ. քաշային կարգում զբաղեցրել է I տեղը:
2008 թ.-ին Արարատի մարզում ազգային ֆեդերացիայի Կոնտակտ Կարատե դո և քիք-բոքսինգ մարզաձևի մանկապատանեկան առաջնությունում զբաղեցրել է II տեղը:
2008 թ.-ի նոյեմբերի 23-ին Կոնտակտ Կարատե դո և քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի Արարատի մարզի բաց առաջնությունում նվիրված Հովտաշատ համայնքի զոհված ազատամարտիկների հիշատակին 13 տարեկան տարիքայի խմբում 38 կգ. քաշային կարգում զբաղեցրել է II տեղը:
2009 թ.-ի ապրիլի 11-ին Կոնտակտ Կարատե դո և քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի Հայաստանի բաց առաջնությունում 12-13 տարեկան տարիքային խմբում 50 կգ. քաշային կարգում զբաղեցրել է III տեղը:
Ծառայության ընթացքում սիրած աղջկա հետ խոսելիս մի անգամ գրել էր, որ իր կյանքը կարճ է լինելու ու հայրենիքի համար է զոհվելու։
Ի՞նչ համարել սա. Կանխազգացու՞մ, գիտակցու՞մ, թե՞ կատակ…
Ո՛չ, չեմ կարծում, որ լինելով հասուն երիտասարդ նա նման կատակ աներ՝ այն էլ սիրած աղջկա հետ: Ուրեմն կանխազգացու՞մ համարել, գուցե և այդպես…
Ժորայի զորակոչը զինկոմիսարիատից 15 օրով ուշացել էր: Նա հերթով զանգում էր ընկերներին ու կատակով ասում՝ «Մի քիչ երկար եք դիմանալու ինձ, 15 օրով հետաձգել են գնալս»։
Նա զորակոչվել է 2015 թ.-ի հունվարի 23-ին՝ Արցախ, Ջեբրայիլի N զորամաս:
Նա գնդացրորդ էր։
Բազկով և հոգով արի, միաժամանակ փխրուն սիրտ ունեցող Ժորա Եսայանը 2016 թ.-ի ապրիլի 1-ին, զինակից ընկերների հետ, իր հերթական մարտական ծառայությունն էր իրականացնում Վարազաթմբի Լյալյա Իլյագի կոչվող բարձունքում, նրանք 8-ն էին, 8 քաջարի մարտիկ:
Ժորան ծառայության ընթացքում ընդամենը մեկ անգամ էր արձակուրդ եկել՝ 10 օրով:
Նա իր խոսքում ասել էր.
-Եթե մի օր մեռնեմ՝ հայրենիքիս համար եմ մեռնելու:
2016 թ.-ի ապրիլի 1-ին էր դիրք բարձրացել: Վերջին անգամ ընտանիքի հետ այդ օրն էր խոսել.
-Մա՛մ ջան, դիրքեր ենք բարձրացել, չանհանգստանաս:
Ապա խոսել է նաև հոր հետ, ասել էր՝ Պապ ջան ես լավ եմ, դուք մնացեք:
Իսկ ապրիլի 2-ին մայրը փորձել է կապ հաստատել նրա հետ, սակայն ապարդյուն։ Փորձել է նաև ամսի 3-ին։ Այդ օրը որդու հեռախոսին պատասխանել են, սակայն չեն խոսել։ Ապրիլի 4-ին էլ է զանգել, այս անգամ պատասխանել է հակառակորդը և ռուսերենով հարցրել, թե ո՞ր մեկն է իր որդին։ Մայրը, վախենալով, որ որդուն կվնասեն՝ ոչինչ չասելով անջատել է։ Ավելի ուշ զինկոմիսարիատից հայտնել են, որ Ժորան գերիների մեջ է, բայց ողջ է: Սակայն ծնողների համար արդեն պարզ էր, որ իրենց որդին զոհված է։
Ժորա Եսայանը զոհվել է ապրիլի 2-ին՝ Վարազաթմբի Լյալյա Իլյագի բարձունքը պաշտպանելիս:
Նրա հետ ընկել են նաև համածառայակիցներ սերժանտներ Ադամ Սահակյանը, Կարեն Ներսիսյանը, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանը, շարքայիններ Բորիս Օզմանյանը, Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը և Անդրանիկ Գրիգորյանը։ Վերջիններիս հետ զոհվել են նաև նրանց օգնության հասած փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Ռոման Պողոսյանը, Օնիկ Գրիգորյանը, մայոր Սուրեն Մելքումյանը և ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը:
Մեր հերոսը՝ աննկուն Ժորա Եսայանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» և Արցախի «Մարտական ծառայություն» մեդալներով։