Շահեն Գրիգորյանը ծնվել է 1970 թվականի հունիսի 8-ին Քաջարանում: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մասնակցել է Կապանի՝ Ծավ, Հանդ, Սրաշեն գյուղերի ինքնապաշտպանական մարտերին, ստացել հրազենային վիրավորում: Հետագա տարիներին մասնակցել է հայրենիքի բարգավաճման աշխատանքներին, ղեկավարել շինարարական կազմակերպություն, վաստակել «Շինարար Շահեն» պատվավոր կոչումը:
2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ Շահենը կամավորագրվել է Երկրապահ կամավորական միությանը:
Շահենի որդին 8 ամսվա ժամկետային զինծառայող էր, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Շահենը կորցրեց հանգիստը, նրա մեջ եռում էր զինվորի արյունը: Իր իսկ նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին գնաց Արցախ, Ճարտարում կամավորագրվեց և Մարտունի 2-ում կանգնեց զինվոր որդու կողքին:
Շահենը մասնակցել է մի շարք ծանր մարտերի։ Հոկտեմբերի 26-ի գիշերը դավադիր թշնամու հերթական հարձակման ժամանակ 38 հոգով հայտնվեցին ծանր իրավիճակում։ Շահենը, որդին և մյուսները մի քանի ժամ կրակային հարվածի տակ էին։ Շահենն ու որդին ծանր վիրավորվում են։ Արյունաքամ՝ նա երիտասարդ վիրավոր զինվորներին տեղափոխում է անվտանգ տարածք, սակայն ինքը զոհվում է թշնամու կրակի կրկնակի հարվածից։ Շահենին հաջողվում է փրկել ութ զինվորի կյանք։
ՀՀ նախագահի հրամանագրով Շահենը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», Կապան համայնքի ղեկավարի կողմից՝ «Կապան» մեդալներով։